Поиск по сайту:

Четверг 25 Апреля 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    ЧАКАТЕН – ЧУДЕСНЫЙ УГОЛОК СТРАН СЮНИ

    «Դավիթ բեկ» հասարակական կազմակերպությունը՝ Սյունիքի սրբավայրերի եւ հնավայրերի պատշաճ պահպանության ջատագով

    Հաճելի է նկատել, որ «Դավիթ բեկ» հասարակական կազմակերպությունը՝ նախագահությամբ մեր հայրենակից, մոսկվայաբնակ Գագիկ Մելքումյանի, իր գործունեության առաջնահերթություններից մեկը հռչակել է Սյունիքի սրբավայրերի ու հնավայրերի պատշաճ պահպանությունը:
    Այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից հերթական դրվագին ծանոթանալու համար սեպտեմբերի 19-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղ:
    Տողերիս հեղինակին եւ Վահրամ Օրբելյանին ուղեկցում էր Հուսիկ Սարուխանյանը՝ իր բնօրրանի պատմության եւ տարածաշրջանի դիտարժան վայրերի հրաշալի գիտակ մի անձնավորություն:
    Կապանից մոտ 10 կմ հարավ-արեւելք գտնվող այդ գյուղը հին ժամանակներում մտնում էր Սյունյաց աշխարհի Կովսական (Գրհամ) գավառի մեջ:
    Գյուղում առաջինն այցելեցինք կենտրոնում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցվել է 1880 թ.):
    Դեռեւս 2002-ին է վերականգնվել տասնամյակների անտարբերությունից խոնարհված այդ տաճարը:
    Նախաձեռնողն ինքը՝ Գագիկ Մելքումյանն էր:
    Այդ թվականին էլ տեղի է ունեցել Սուրբ Հռիփսիմեի վերաօծումը՝ ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի:
    Գագիկ Մելքումյանի բարերարությունը, սակայն, չի ավարտվել բուն եկեղեցու վերանորոգմամբ:
    Ծավալուն հողային աշխատանքներ կատարելու շնորհիվ բարեկարգվել ու աչքահաճո տեսքի է բերվել եկեղեցու շրջակայքը, հողային ծածկույթից ազատվել են հնամենի տապանաքարերը, որոնք գյուղի պատմության հավելյալ վկայարաններ են:
    Եկեղեցու եւ շրջակայքի պահպանությունն այսօր էլ «Դավիթ բեկ» կազմակերպության հոգածության ներքո է:
    Այցելեք այդ տաճար եւ կհամոզվեք, թե ինչպիսի մաքրություն, խաղաղություն է այնտեղ թագավորում, թե խնամքի ինչպիսի ձեռագիր կա այնտեղ:
    Սակայն Ճակատենի հովանավոր տաճարը միայն Սուրբ Հռիփսիմեն չէ:
    2019 թ. օգոստոսի 23-ին, Հայոց անկախության հռչակագրի ընդունման հերթական տարեդարձի օրը, գյուղի հարավ-արեւմտյան բարձունքում՝ անտառի բացատում, կանգնեցվել է երկաթակուռ մի խաչ՝ 6 մ x 3 մ չափսերով:
    Խաչի օրհնությունը կատարել են արժանապատիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը եւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:
    «Դավիթ բեկ» հասարակական կազմակերպության կողմից կանգնեցված այդ խաչը, որից ճառագող լույսը յուրօրինակ խորհրդավորություն է սփռում գյուղի ամբողջ տարածքի ու մերձակայքի վրա եւ տեսանելի է նույնիսկ շատ հեռվից, նաեւ հույս է արթնացրել գյուղացիների մեջ, որ լեռնային այդ գյուղը՝ դարերի խորքից եկող, շարունակելու է երթը հավերժի ճամփով:
    Ճակատենում կա հրաշալի մեկ այլ ուխտատեղի եւս: Դա Սուրբ Հովհաննես մատուռն է՝ գյուղից մոտ 3 կմ հարավ՝ Ծավ տանող ավտոմայրուղու աջ մասում՝ բարձունքի վրա:
    Մատուռը 2009-ին հիմնել է Ճակատեն գյուղի մեկ այլ երախտավոր զավակ՝ Արշավիր Սարգսյանը:
    Այն օծվել է Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի կողմից:
    Առաջին իսկ օրվանից Սուրբ Հովհաննեսն ուխտատեղի է ոչ միայն ճակատենցիների, այլ տարածաշրջանի հավատավոր բնակչության համար:
    Առանց չափազանցության՝ ամեն օր այնտեղ կարելի է ուխտավորների հանդիպել:


    ***
    Ճակատեն կատարած մեր ուխտագնացությունն առիթ էր՝ ավելի ամբողջական ծանոթանալու գյուղի մյուս սրբավայրերին ու հնավայրերին նույնպես:
    Պարզվում է՝ գյուղը, այդ առումով, Սյունիքի մարզի ամենահարուստ բնակավայրերից է:
    Նախ եղանք Ղուզուն արտի եկեղեցու ավերակներում:
    Պահպանվում է հյուսիսային պատի մի մասը, կան բազմաթիվ խաչքարեր:
    Պատմում են՝ 1970-ականների մելիորացիայի ժամանակ տրակտորիստը հրաժարվել է դաշտի այդ հատվածը հերկել եւ հողին հավասարեցնել:
    Եվ հիմա հավատավոր ճակատենցիներն այցելում են այդ սրվբավայր:
    Այդ վայրը Ղուզուն արտ են անվանում հիմա:
    Մինչդեռ դա Գեղեցու խութ գյուղատեղին է:
    Սկզբնական անունը, ամենայն հավանականությամբ, եղել է Եկեղեցու խութ:
    Գյուղից 5 կմ հարավ-արեւելք է գտնվում Իրիգիս գյուղատեղին. Ծավ տանող ճանապարհի ձախ կողմում՝ բարձադիր տեղում:
    Պահպանվում է թաղակապ եկեղեցին, նկատվում են ջրանցքի, կավե խողովակների, գերեզմանների, խաչքարերի հետքեր:
    Ենթադրվում է, որ Իրիգիսը Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Եղեգիք գյուղն է:
    Ճակատենից 6-7 կմ հարավ՝ բլրի վրա է գտնվում Շնդռեն գյուղատեղին (նաեւ կոչվել է Շինդիրյան, Շնդրեն):
    Գյուղն ապաբնակեցվել է 1930-ականներին՝ բնակավայրերի խոշորացման հետեւանքով:
    Շինությունների ավերակները նշմարվում են:
    Գյուղը նաեւ եկեղեցի է ունեցել, որ գիտակամն գրականության մեջ երբեմն սխալմամբ անվանվում է Շինդոնի եկեղեցի:
    Ճակատենից մոտ 3 կմ հարավ-արեւելք է գտնվել Շինաթաղ գյուղը, որի շինություների հետքերը նույնպես պահպանվում են:
    Ճակատենից հարավ-արեւելք է գտնվել Սուսանի գյուղը:
    Տարեցները պատմել են, որ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին գյուղը կանգուն էր ու հայաբնակ:
    Դա Սուսանդաղ լեռան ստորոտն է, որը մտնում է Բարգուշատի լեռնաշղթայի համակարգի մեջ:
    Ի դեպ, Սուսանդաղն այնքան էլ բարձր լեռ չէ. ամենաբարձր գագաթը 1300 մետր է:
    Ճակատենի մերձակայքում՝ 4-5 կմ արեւելք, կա եւս մեկ գյուղատեղի՝ բարձրադիր լեռնային վայրում, բլրի ստորոտում: Նշմարվում են տների ավերակները:
    Դա Գրմեշ գյուղատեղին է, որտեղ նույնպես եղել է Աստծո տաճար:
    Ըստ պատմական գրականության՝ Ճակատենի տարածքի ամենահին ու խոշոր բնակավայրը Վարոս գյուղն է եղել, որտեղ էլ գտնվում էր Վարոսի վանքը:
    Անտառում ծվարած այդ գյուղում, որտեղ պետք է որ լինեն եկեղեցու ավերակներ, ճակատենցիներին հայտնի չէ, ուստի եւ չկարողացանք ստույգ տեղորոշել ու այցելել:
    Այդ գյուղի մասին նշում է Ստեփանոս պատմիչը՝ իբրեւ Տաթեւի վանքին 10 չափ հարկ վճարող բնակավայր:
    Վարոսի վանքի մասին հիշատակում է նաեւ Ղեւոնդ Ալիշանը՝ Կովսականի գյուղերի մեջ:
    Եվ, այդ բոլորով հանդերձ, Ճակատենի տարածքի ամենանշանավոր մշակութային ժառանգությունը Սյունյաց աշխարհի եւ առհասարակ Մեծ Հայքի ամենանշանավոր ամրոցներից մեկն է՝ Գրհամը:
    Ճակատենից հարավ-արեւելք գտնվող այդ բերդ-ամրոցի մասին առաջինը հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը:
    Ըստ երեւույթին Գրհամը գոյություն է ունեցել 9-10-րդ դարերից:
    Հիշատակվում է 1104 եւ 1166 թթ. թուրք-սելջուկների արշավանքի կապակցությամբ:
    Տեսակետը, որ հենց դա է Գրհամը, հաստատել է նաեւ մեր հայրենակից, հայագետ Թ. Հակոբյանը:
    Ըստ նրա՝ Գրհամը գտնվում է Ղափան-Մինջեւան երբեմնի երկաթգծի Շաիբլու կամ Շարիբլու կայարանի դիմացի լեռան գագաթի վրա (մենք նույնպես այդ կարծիքին ենք), որին ճակատենցիները հիմա էլ անվանում են Գրվա կամ Գրվին սեռ:


    ***
    Ճակատեն անվանումը, որը լուսահոգի Ռոբերտ Էջանանցու կարծիքով պահլավերեն սկիզբ ունի, գագաթ իմաստն է պարունակում:
    Գյուղանունը ոմանք էլ բացատրել են որպես արեւելահայաց կողմ՝ Բաղքի ճակատամաս:
    Գյուղը նաեւ այլ կերպ է անվանվել՝ Ճաքատեն, Ճգտեն, Ճըկետեն, Ճըկտեն, Ճըքատեն, Ճկատեն, Ճկտեն, Չաքիդին, Չըքադեն, Չիկադեն, Չքատեն, Չքտեն:
    Գյուղը, ըստ նոր հարկացուցակի, Տաթեւի վանքին վճարում էր 1200 դահեկան հարկ:


    ***
    Ներկայիս Ճակատենը, ըստ ավանդույթի, հիմնադրվել է 17-րդ դարավերջին:
    Բնակատեղին նախ եղել է Իրիգիս կոչվող հանդամասում (այդ գյուղի մասին քիչ առաջ նշեցինք), հետո՝ 19-րդ դարասկզբին տեղափոխվել է ներկայիս տեղը:
    Գյուղի առաջին բնակիչները եղել են Իրանից տեղահանված Մելիք Աղագյուլյան եւ Կարախանյան տոհմի ներկայացուցիչները:
    Գյուղը հատկապես զարգացում է ապրել խորհրդային տարիներին. համարվում էր Կապանի շրջանի խոշոր տնտեսություններից մեկը, որտեղ զբաղվում էին անասնապահությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, խոզաբուծությամբ:
    Դեռեւս 1967 թ. գյուղում հավերժացվել է Մեծ հայրենականում զոհված 99 ճակատենցիների հիշատակը:
    Անկախության տարիներին գյուղի կենտրոնում կառուցվել է մի համալիր, որն իր մեջ ամփոփում է նաեւ Արցախյան հերոսամարտում զոհված համագյուղացիների հիշատակը:
    Զարմանահրաշ բնություն ունեցող գյուղը, որի հարավային մասով հոսում է Ճակատեն (Ջաղացի) գետը՝ սակավաջուր դարձած, հարուստ է դաշտային սառնորակ աղբյուրներով, գրավում է նաեւ զբոսաշրջիկների ուշադրությունը:
    Մինչդեռ խմելու ջրի խնդիրը եղել եւ մնում է չլուծված. դրա հիմնովին լուծմամբ, համոզված ենք, Ճակատենը նոր վերածնունդ կապրի...

    Աղբյուրը՝ Syuniac Yerkir Newspaper

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"