Մելիքսեթ Արամի Պողոսյան

Արցախյան ազատամարտի մասնակից, Տեղ գյուղի «Մելիք Բարխուդար» ջոկատի հրամանատար, Գորիսի նախկին զինկոմ, գնդապետ։ 2020 թ. նոյեմբերից ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ:
Մելիքսեթ Պողոսյանը (հայտնի է նաև Մելո անունով), ծնվել է 1960 թ. օգոստոսի 31-ին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը (1977), աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: Զինվորական ծառայությունը խորհրդային բանակում անց է կացրել Հունգարիայում, եղել է տանկիստ։
Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ 1989 թվականին նա միավորել է Տեղ գյուղի կամավորական ջոկատները, ստեղծել է «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը, ընտրվել է ջոկատի հրամանատար: Ջոկատը 1989-1990 թվականներին մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։ 1990-1991 թթ. Մ. Պողոսյանը եղել է հատուկ գնդի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին: 1991-1992 թթ. «Մելիք-Բարխուդար» ջոկատը, նրա ղեկավարությամբ, իրականացվել է «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը գրավելու օպերացիան, ջոկատը մասնակցել է Լաչինի, Դյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Ֆիզուլիի մարտերին, վիրավորվել է։
2007 թվականին նշանակվել է Գորիսի շրջանի զինկոմ, 2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է։
2020 թ. նոյեմբերին նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:
Պարգևատրվել է «1-ին աստիճանի Մարտական Խաչ» (2002) շքանշանով, «Արիության համար» (1996), «Վազգեն Սարգսյան» (2003), «Գարեգին Նժդեհ» (2008), «Անդրանիկ Օզանյան» (2012) մեդալներով, գերատեսչական մի շարք մեդալներով, հուշամեդալներով, անվանական զենքով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։